01.10.2022թ-ից հարկային հսկողության նոր եղանակ՝ թեմատիկ ուսումնասիրություն
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-55-Ն 04.03.2022թ․) սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր տեսակ՝ թեմատիկ ուսումնասիրություն, որի արդյունքում կարող են առաջադրվել հարկային պարտավորություններ։ Հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում ուսումնանսիրությունը կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի իրականացրած բացառապես կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել: Թեմատիկ ուսումնասիրություններն իրականացվում են սահմանված կարգով տրված հանձնարարագրի հիման վրա, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: